Հուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև

Հուշագիր՝ Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև կնքվել է մասնագիտական կրթության և մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը: Արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը:

Հուշագրի համաձայն՝ համագործակցությունը կիրականացվի քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» միջին մասնագիտական կրթական ծրագրի և Մատենադարանի՝ մշակութային ժառանգության պահպանության, կոնսերվացման և վերականգնման ոլորտում կուտակած մասնագիտական աշխատանքների ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը շնորհակալություն է հայտնել Մատենադարանին և քոլեջին՝ մասնագիտական կրթության ոլորտում առաջնահերթ նախաձեռնության համար և շնորհավորել շահառու ուսանողներին։

«Այս համագործակցությունն աշխատանքի վրա հիմնված կրթության գաղափարի  այն իրական օրինակն է, որն ամրագրվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում: Պետք է ընդգծել, որ մասնագետները ձևավորվում են գործատուի ակտիվ մասնակցությամբ և աշխատանքային միջավայրում»,- ասել է նա։

Արա Խզմալյանի գնահատմամբ՝ Մատենադարանի գործունեության մեջ այս գործընթացը բեկումնային իրադարձություն է, քանի որ Վերականգնման բաժինը և դրա կադրային համալրումը ռազմավարական առաջնահերթության տեսանկյունից գերակա ուղղություն են. «Մենք շատ ենք կարևորում Վերականգնման բաժնի առաջընթացը, նախ, որովհետև Մատենադարանի հարուստ ձեռագրական հավաքածուի նյութական, անվտանգային պատասխանատուն հենց այս բաժնինն է, և երկրորդ՝ հանրապետության գրադարանային, թանգարանային կառույցներից վնասված գրավոր արժեքները հիմնականում բերում են Մատենադարան՝ վերականգնելու: Մեզ համար, սակայն,  սահմանել ենք նոր նպատակներ՝ Մատենադարանը պետք է դառնա գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման միջազգային պատասխանատու»:

Բացառիկ հնարավորության համար շնորհակալություն է հայտնել նաև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը. «Որպես կրթական կառույցի համակարգող՝ ինձ համար երազանք էր ուսանողների համար հասանելի դարձնել մատենադարանի կրթական և մշակութային միջավայրում գործունեություն ծավալելու հնարավորությունը, որտեղ կուտակված են մեր ազգային գանձերը: Նրանք կարող են հաղորդակից լինել այս միջավայրին, միաժամանակ մասնագիտական կարողությունները զարգացնել՝ դառնալով ապագա վերականգնողներ ու այստեղ ձևավորված արժեքների կրողներ»:

Կողմերը հատկապես կարևորել են մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման համար բարձրակարգ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ վերականգնողի մասնագիտական կայացումը երկարատև գործընթաց է և պահանջում է տեսական կրթության ու շարունակական գործնական աշխատանքի համադրում:

Հուշագրի համատեքստում ստորագրվել են աշխատանքային պայմանագրեր քոլեջի ուսանողների հետ, որոնք դառնում են Մատենադարանի աշխատակիցներ: Ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկված է 42 ուսանող։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©