ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին. էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին. էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մասնակցել է Արտահանման դյուրացման ծրագրի պաշտոնական բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով։ Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Անուշիկ Ավետյանը կարևորել է Հայաստանի և Էստոնիայի միջև գործակցության շարունակական զարգացումը՝ այն բնորոշելով որպես փոխադարձ վստահության, բարեփոխումների նկատմամբ համատեղ հանձնառության և մրցունակության ու նորարարության վրա հիմնված գործընկերություն։ Նա նաև ողջունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին և կնպաստի նոր հնարավորությունների բացահայտմանը՝ հատկապես թվային պետական ծառայությունների և տվյալների կառավարման, կիբերանվտանգության, բարձր տեխնոլոգիական և նորարարական ոլորտներում գործակցության, ինչպես նաև արտահանման զարգացման և շուկաների դիվերսիֆիկացման ուղղություններով։
 

Նախարարի տեղակալը ընդգծել է, որ Հայաստանի համար արտահանման խթանումը ոչ միայն տնտեսական առաջնահերթություն է, այլև գլոբալ շուկաներում դիրքավորման և տնտեսական դիմակայունության ապահովման հիմնարար գործոն, որը խթանում է ընկերությունների զարգացումը, նորարարությունը, նոր բիզնես մոդելների կիրառումը և արտահանման շուկաների ընդլայնումը։ Այս համատեքստում նա բարձր է գնահատել էստոնացի գործընկերների Visionest Institute-ի և ծրագրի իրականացմանը նպաստող զարգացման գործընկերների ներդրումը՝ նշելով, որ նման նախաձեռնությունները գործնական հնարավորություն են ստեղծում հայկական բիզնեսի համար։

 

Միջոցառման շրջանակում Անուշիկ Ավետյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձել է հայկական արտահանողների աջակցության գործնական մեխանիզմներին, միջազգային չափանիշներին համապատասխանության ամրապնդման, սերտիֆիկացման, թվային կարողությունների զարգացման, ինչպես նաև B2B կապերի և արտաքին շուկաներ մուտքի խթանման հարցերին։ Նա ընդգծել է, որ զարգացման գործընկերների աջակցությունն առավել արդյունավետ է այն դեպքում, երբ այն համահունչ է Հայաստանի ազգային առաջնահերթություններին, ունի գործնական ուղղվածություն և ապահովում է չափելի արդյունքներ բիզնեսի համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում