Ազգային ժողովը ապրիլի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի տեղեկացմամբ փաթեթի հիմնական նպատակն է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչի արդյունքում հնարավոր կլինի հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգը նախապատրաստել օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին և ապահովել դրա պատշաճ ներդրումը:
Մասնավորապես նախատեսվում է համապատասխան սպասարկման ընկերության հետ կնքել պայմանագիր, ծառայությունում առկա գործող համակարգում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, համակարգը համակցել այլ մարմինների հետ, զուգահեռ՝ շրջանառել և ընդունել օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը, ինչպես նաև վերապատրաստել հարկադիր կատարողներին՝ նոր օրենսդրական կարգավորումներին և էլեկտրոնային գործիքների կողմից տրամադրվող հնարավորություններին ծանոթացնելու նպատակով:
Վերոնշյալ աշխատանքների իրականացման նպատակով էլ առաջարկվում է փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել ոչ թե 2025 թվականի հուլիսի 1-ը, այլ՝ 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման և համակցման ժամկետները սահմանել 2026 թվականի մարտի 1-ը՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Տրդատ Սարգսյանը: