Ապրիլի 15-ին Երևանում տեղի է ունեցել «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027 թթ. Հայաստանի ծրագրի ընթացքը համակարգող միջգերատեսչական կոմիտեի հերթական՝ երրորդ նիստը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի քարտուղարության Ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուռը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:
Նիստին մասնակցել են նաև ՀՀ շահառու գերատեսչությունների և կառույցների՝ Արդարադատության նախարարության, Դատախազության, Վճռաբեկ դատարանի, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Կենտրոնական բանկի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության ակադեմիայի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԵԽ քարտուղարության պատասխանատուներ, քաղհասարակության ներկայացուցիչներ:
Իր ելույթում Սամվել Մկրտչյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն-Եվրոպայի խորհուրդ ձևաչափով իրականացվող ԳԼԿ ծրագիրը, որը հաջողությամբ փոխլրացնում է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագիրը՝ նպաստելով դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ ընթացող ՀՀ կառավարության խորքային բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի իրականացմանը և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը։
Նիստի ընթացքում ամփոփվել է ԳԼԿ 2023-2027 թթ. Հայաստանի ծրագրի կատարման ընթացքը, վեր են հանվել առկա կարիքները, համաձայնեցվել առաջնահերթ գործողությունները: Մասնակիցները ողջունել են ԳԼԿ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և շոշափելի արդյունքները։
Ներկաները վերահաստատել են 2014 թ.-ից մեկնարկած Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության շրջանակում Հայաստանում ԳԼԿ ծրագրի արդյունավետությունը և դրա շարունակակականության անհրաժեշտությունը՝ ի նպաստ ՀՀ կայուն ժողովրդավարական առաջընթացի ապահովման։