Մենք ասել էինք, որ ինչպես և քանիցս հայտարարել ենք հրապարակավ, որ մենք փորձում ենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցեր, այդ թվում՝ ուղիղ խոսակցության, նրանց միջև միջազգային երաշխիքների, միջազգային մեխանիզմների ստեղծման ճանապարհով, այդ թվում՝ ջանքեր գործադրեցինք, ասենք, Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի՝ ԼՂ հարցը օրակարգից հանելու մեղադրանքների վերաբերյալ հարցին:
«Մենք վստահ ենք, որ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր է լինելու որոշակի հարցեր լուծել: Սա է, ըստ էության, եղել մեր պատասխանը: Փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո և իրենց ինքնալուծարման վերաբերյալ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգն այլևս չի կարող շարունակվել այն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք: Սա է եղել ԱԳՆ արձագանքը, և զարմանալիորեն ստացվեց ի՞նչ. սկսեցին ասել, որ մենք ենք հանել հարցը օրակարգից:
Այս կառավարությունը, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որ այդ մարդկանց իրավունքներն ու անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվեն, և հիմա մեղադրել մեզ այդ հարցը օրակարգից հանելու համար, երբ որ ասում էինք, որ նշաձողը իջեցնել է պետք, և այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության, հողեր ծախելու մեջ: Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը. հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձեռք ե՞ն առնում: Այս հարցերի պատասխանը լրջորեն պետք է տրվի՞ վերջը, թե՞ չէ: Ինչքա՞ն կարելի է իրենց եղած նույն թերթերի միջոցով ասել՝ Ղարաբաղը հանձնեցին: Հիմա ասում են՝ Ղարաբաղը Հայաստանի կառավարությունը լուծարեց. լավ, այդքան կա՞րճ է հիշողությունը, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- նշեց Միրզոյանը: