Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին 3 տարիների կտրվածքով, կարելի է ասել, եռապատկվել է՝ տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը:
Այս մասին խորհրդարանում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Սա բավական դրական ցուցանիշ է: Մենք նաև սրան զուգահեռ խնդիր ենք ունեցել՝ հասկանալու, թե ինչպես կարելի է ավելի թվայնացնել այս գործընթացը։
2024-2025 թվականների կտրվածքով ընդունվել է քաղաքացիության ոլորտի փոփոխությունների հսկայածավալ փաթեթ, որը մեզ թույլ կտա ամբողջովին թվային հարթությունում իրականացնել դիմումների ընդունման ամբողջ գործընթացը, իրականացնել մեր ստուգումները և գնալ առաջ»,- ասաց Արփինե Սարգսյանը։