Այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմաններն Ադրբեջանին կարող են ընդունելի չլինել, իրականությանը չի համապատասխանում: Եթե այդ նույն պայմանն ընդունելի է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու համար: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով այն առաջարկը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տրամադրել այն պայմաններով, ինչ առաջարկում է Իրանը:
««Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում էլ մենք ֆիքսել ենք, որ պատրաստ ենք ընթացակարգերի պարզեցումների՝ չորս հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն:
Փոխադարձությունն ինչի՞ համար է, որովհետև մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես՝ Հորադիզ-Երասխ գծի վրա, որտեղ և՛ Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, և՛ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կիրականացվեն բեռնափոխադրումներ, և մենք հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումներին»,- ասաց նա: