Ապրիլի 16-ին մեկնարկեց Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու որոշմամբ ստեղծվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: Խմբակցությունները ներկայացրին մեկական թեկնածու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը ձևավորելու համար:
Ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու անդամների մանդատների 50 տոկոսից ավելին, ուստի համայնքի ղեկավար կընտրվի քաղաքական ուժերի կողմից թեկնածու առաջադրելու և բաց քվեարկության միջոցով:
«Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը», «Մեր քաղաքը» իրենց ցուցակից թեկնածու չառաջադրեցին, հայտարարեցին, որ քվեարկելու են ընդդիմադիր դաշտում առավելագույն քվե ստացած ուժի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում նիստին, ուստի, Վարդան Ղուկասյանից բացի, այլ թեկնածու չառաջադրվեց:
Թեկնածուի առաջադրումից հետո Վարդան Ղուկասյանը հայտարարեց 30 րոպե ընդմիջում բաց քվեարկության քվեաթերթիկները պատրաստելու համար:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ: