Բազմիցս նշել եմ, հիմա էլ ուզում եմ վերահաստատել, որ անվտանգությունը մարդու բարեկեցության առանցքային գործոններից է, հացին առնվազն հավասար։ Ռազմավարական առումով անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է, և ուրախ եմ արձանագրել, որ, ինչպես գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։ Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
«Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ, և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։
Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն՝ սեղանին դնել Խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԽ կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը և նույն տեղում, նույն պահին ստորագրել թե՛ առաջինը, թե՛ երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է»,- ասաց նա։