Կառավարությանը մեղադրել պետական կամ համայնքային բյուջեները լցնելու մեջ՝ նշանակում է լավ չպատկերացնել յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աղբյուրը և բանաձևը, Կառավարությանը մեղադրել բյուջեն լցնելու ուղղությամբ ջանք գործադրելու մեջ, նշանակում է Կառավարությանը մեղադրել քաղաքացու համար բարեկեցություն կառուցելու մեջ։ Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
«Ասել եմ և կրկին ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, չի կարող անել պարզապես, քան դա անում են տեղական և համայնքային բյուջեները։ Եվ պետական ու համայնքային բյուջեների մեծությունն ու չափն են արտահայտում յուրաքանչյուր քաղաքացու, բառիս բուն իմաստով՝ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության աստիճանը։ Բյուջեով է որոշվում՝ ասա՝ երկրիդ բյուջեն ինչքան է, ասեմ՝ ոնց ես ապրում դու, ասա՝ համայնքային բյուջեդ ինչքան է, ասեմ՝ ոնց ես ապրում դու:
Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է ինքն անձամբ վաստակում, այլև այն, թե որքան է ինքն անձամբ հարկ վճարում պետական և համայնքային բյուջե։ Որովհետև հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոլ ճանապարհներ, մութ ու խավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ, զբոսայգի ու պուրակ չունեցող, խմելու և ոռոգման ջրի համակարգեր, կոյուղի չունեցող բնակավայրերում։ Իսկ այսպիսի բնակավայրերը, այսպիսի իրավիճակ ունեցող թաղամասերը Երևանում, Գյումրիում ու Վանաձորում, այլ խոշոր քաղաքներում հազարավոր են։
Կապ չունի, շաբաթը քանի՞ անգամ ես մսով ճաշ ուտում, եթե ապրում ես այդպիսի անբարեկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես, ուզում ես օրը վեց անգամ ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես, ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը՝ Արևից։
Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ՝ համայնքում ու թաղամասում ունենալով լավ դպրոց ու մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց և այլն, և այսպես շարունակ։
Ինչ խոսք, մարդը չի կարող ապրել առանց հացի, և հացի կարևորությունը ոչ ոք չի կարող թերագնահատել։ Իսկ կա՞ն արդյոք Հայաստանում ընտանիքներ, ովքեր հաց չունեն հենց հիմա, հենց այսօր։ Ցավոք կան։ Ի՞նչ անենք ուրեմն, մի՞թե մենք կարող ենք անտարբեր լինել այդ մարդկանց նկատմամբ։ Չենք կարող։ Եկեք ուրեմն գնանք և հաց տանք նրանց։
Այսօր տվեցինք հացը, վաղը գնանք տեսնենք, թե ինչ է փոխվել նրանց կյանքում։ Կտեսնենք մի բան, որ վաղը նույնպես նրանք չունեն այդ հացը: Մենք վաղն էլ չեք կարող լինել անտարբեր, վաղը նորից հաց տանք նրանց։ Երրորդ օրը գնանք տեսնենք՝ ինչ փոխվեց նրանց կյանքում։ Կտեսնենք, որ նրանք կրկին հաց չունեն, և երրորդ օրը նույնպես չենք կարող անտարբեր լինել նրանց վիճակի նկատմամբ։ Երրորդ օրը նույնպես հաց տանք նրանց, չորրորդ օրը գնանք տեսնենք, թե ինչ վիճակում են նրանք։ Կտեսնենք, որ չորրորդ օրը նույնպես նրանք հաց չունեն։ Նույնը կկրկնվի հինգերորդ օրը, վեցերորդ օրը, առաջին ամիսը, վեցերորդ ամիսը, առաջին տարին, վեցերորդ տարին, տասներորդ տարին։ Եվ սա երևում է նաև պաշտոնական վիճակագրությամբ։
Ավելի քան 10 հազար ընտանիք 10 և ավելի տարի անապահովության նպաստ են ստանում Հայաստանում։ Շատ լավ, հաջորդ հարցը՝ իսկ այդ հացի համար ո՞վ է վճարում: Այստեղ չենք ուզում հարկ տանք, այնտեղ չենք ուզում հարկ տանք, չենք ուզում, ով է վճարում այդ հացը: Շատ լավ՝ մի տեղից տալիս ենք, տասը տարի մենք լավ թե վատ հաց ենք տալիս նրանց և ի՞նչ է փոխվել այդ մարդկանց կյանքում։ Ընդամենը մի բան մենք ընդամենը 10 տարի նվաստացրել ենք այդ մարդկանց, իրենց դարձրել ենք կախյալ և աղքատությունը նրանց համար պետական մակարդակով դարձրել մտածողություն, ապրելակերպ, հոգեբանություն և նրանց երեխաներին դատապարտել ենք աղքատ լինելու ճակատագրին։
Եվ ես հպարտ եմ, որ քաղաքական կամք է ցուցաբերել այս Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը՝ անապահովության գնահատման և աղքատության հաղթահարման նոր համակարգ ներդնելով, երբ մենք մարդուն, այո՛, հաց տալիս ենք, բայց միայն այնքան ժամանակ, երբ համոզվում ենք, որ նա բավարար ջանք գործադրում է, և մենք էլ բավարար ջանք ենք գործադրում, որ նա սեփական հացը վաստակելու հնարավորություն, կարողություն, գիտելիք, կրթություն և հմտություն ունենա։ Իսկ երբ կրթության և աշխատանքի միջոցով այդ ջանքը գործադրում է, մեր տված հացի կարիքը չի ունենում, այլ միջավայրի՝ բարեկարգ բնակավայրի, փողոցի, բակի իր վաստակած թեկուզ քիչ հացով բարեկեցիկ կյանք վարելու հնարավորություն է ակնկալում մեզնից։ Սա է մեր քաղաքականությունը և մեր ռազմավարությունը։ Եվ սա ճիշտ ռազմավարություն է և արժանապատիվ ռազմավարություն է»,- ասաց նա։