Անշարժ գույքի հարկի բարեփոխումների այն ժամանակացույցը, որն ընդունել ենք, ոմանք փորձ են անում շահարկել, իբրև պետական բյուջե լցնելու միջոց։ Բայց այս մեղադրանքը եթե սխալ է, միայն մասամբ, որովհետև, այո՛, հարկը բյուջե լցնելու միջոց է, բայց անշարժ գույքի հարկը՝ համայնքային բյուջե լցնելու միջոց և ոչ թե պետական բյուջե։ Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
«Կրկնում եմ՝ անշարժ գույքի հարկից ոչ մի լումա չի մտնում պետական բյուջե, այլ բացառապես համայնքային բյուջեներ, և պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ 2024 թվականին 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները եռապատկվել են։ Ընդ որում՝ ոչ միայն անշարժ գույքի հարկի հաշվին։
Օրինակ՝ տեղական վճարների տողով, համայնքների բյուջեներն աճել են շուրջ 276 տոկոսով կամ 18 միլիարդ դրամով, այլ եկամուտներ տողով՝ շուրջ 344 տոկոսով կամ 8 միլիարդ 386 միլիոն դրամով։ Համայնքների բյուջեների էական աճ արձանագրվել է բոլոր տողերով։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել անշարժ գույքի հարկի հետ։ Այո՛, ավելի քան կրկնապատկվել են անշարժ գույքի հարկից եկամուտները՝ մտնելով համայնքների բյուջեներ։ Վերադառնալով անշարժ գույքի այդքան քննարկված և քննադատված հարկի նոր դրույքաչափերին՝ պիտի ընդգծեմ, որ իրականացված փոփոխությունները հիմնականում ծանրացել են 100 միլիոն դրամ և ավելի արժեք ունեցող, այսինքն՝ միջինից էականորեն բարձր գին ունեցող գույքերի վրա։
Խնդրում եմ՝ այն, ինչը որ հիմա կասեմ, հատուկ ուշադրություն դարձրեք. մեր երկրում 100 մլն դրամ և ավելի արժեք ունեցող գույքերը ընդհանուր գույքերի մեջ 0․62 տոկոսն են: Պատկերացրի՞ք՝ մեր երկրում եղած գույքերի 0,62 տոկոսն է, որոնց արժեքը 100 մլն դրամ և ավելի է: Բայց այդ 0,62 տոկոսը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքի հարկի 42․7 տոկոսը։ Հիմա իմացա՞ք՝ աղմուկը որտեղից է: Ուշադրություն դարձրեք՝ հանրապետության անշարժ գույքերի 0․62 տոկոսը վճարում է անշարժ գույքի հարկի 42․7 տոկոսը։
Ասել է թե՝ անշարժ գույքի հարկի համակարգի մեր իրականացրած բարեփոխումներն առնվազն մի էական մասով նույնպես տեղավորվում են թալանածը վերադարձնելու տրամաբանության մեջ, որովհետև հարկերի ծանրակշիռ մասը վճարում են հարուստները, այդ թվում՝ ապօրինի կերպով հարուստ դարձածները։
Ապա և չմոռանանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ 2019 թվականին մենք որոշում կայացրինք եռաչափ՝ 23, 28 և 36 տոկոս եկամտային հարկը հարթեցնելու և համընդհանուր 20 տոկոս եկամտային հարկ սահմանելու վերաբերյալ»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ այդ ժամանակ այսօր ԱԺ դահլիճում նստած բազմաթիվ ընդդիմադիրներ մեղադրում էին սոցիալական արդարության սկզբունքը խախտելու և հարուստներին աջակցելու համար, ինչին ի պատասխան ասվում էր, որ հարստության լավագույն չափանիշը ոչ թե աշխատավարձն է, այլ անշարժ գույքը: «Ահա, փաստացի, իմ ասած վիճակագրությունը ցույց տվեց, որ այդ բարեփոխումը ուղիղ 10-ին է խփել։ Շատ կարևորում եմ, որ մեր սիրելի հայրենակիցներն այս նրբությունը տարբերակեն։ Անշարժ գույքի հարկերը մտնում են բացառապես համայնքային բյուջեներ, իսկ համայնքային բյուջեները պետք է ծախսվեն բացառապես քաղաքացու բակի, փողոցի, անմիջական միջավայրի բարեկարգման վրա։ Այսինքն՝ անշարժ գույքի հարկը առավել ևս այդ դեպքն է, երբ ասում եմ, որ այդ հարկը քաղաքացիներն իրենք իրենց են վճարում՝ աջ գրպանից ձախ գրպան տեղափոխելով, և այդ գումարները ծախսելու մասին որոշումները կայացնում են իրենց ընտրած ավագանին, որ քաղաքացուն ամենամոտ գտնվող ինստիտուտն ու մարմինն է»,- ասաց վարչապետը։