2018-2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատ հավելյալ 242 միլիարդ դրամ է տրամադրվել ճանապարհների կառուցման համար, և նախորդող 7 տարիների համեմատությամբ՝ կառուցվել, հիմնանորոգվել և նորոգվել է 2 հազար կիլոմետր հավելյալ ճանապարհ։ Սա 2011-2017-ի նկատմամբ հավելյալն է, այսինքն՝ այդ նախորդող շրջանի նկատմամբ 576 տոկոսով ավելի շատ ճանապարհ է նորոգվել, հիմնանորոգվել, կառուցվել։ Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:
«Ընդ որում՝ ո՛չ ֆինանսավորման, ո՛չ ճանապարհների կառուցման այս թվերում ներառված չեն վարկային միջոցները և դրանց ծախսմամբ իրականացված ճանապարհաշինական աշխատանքները։ Ներառված չեն նաև սուբվենցիաներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքները։ Այսինքն՝ առանց վարկերի և առանց սուբվենցիաների՝ 2000 կիլոմետր հավելյալ ճանապարհ 2011-ից 2017-ի համեմատությամբ»,- ասաց նա:
2018-ից հետո պետական բյուջեից որպես աջակցություն ավելի քան 100 միլիարդ դրամ է ծախսվել, աշխատանքային լեզվով ասած, լիզինգի, ինտենսիվ այգեգործության և անասնապահության աջակցության, գյուղմթերքի մթերման աջակցության ծրագրերով։ Այս ծրագրերի հիմնական մասը նախկինում գոյություն չի ունեցել Հայաստանում։
2018 թվականից ի վեր 271 միլիարդ դրամ քաղաքացիներին է վերադարձվել եկամտային հարկի վերադարձի ծրագրով, որը ներառում է նաև հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանի շուրջ 41 հազար ընտանիք նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու հնարավորություն են ստացել։
«2020 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը 12 հազար 151 երիտասարդ ընտանիք 8,6 մլրդ ՀՀ դրամի հավելյալ աջակցություն է ստացել»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ 114 միլիարդ դրամ ներդրվել է մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Սա, ուշադրություն դարձրեք, միայն պետական բյուջեից հատկացված միջոցներն են։ 2018 թվականից ի վեր սուբվենցիաների ընդհանուր փաթեթը կազմել է 225 միլիարդ դրամ։
«Հայաստանի մարզերում որևէ յոթնամյակում այսպիսի ներդրում ուղղակի չի եղել, երբեք չի եղել: Այս ծրագրի մեջ է նաև 500 մանկապարտեզի ծրագիրը, որի համար պետական բյուջեից տրամադրվել է 23 միլիարդ դրամ շուրջ 33 հազար երեխայի համար մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու նպատակով։ Ընդ որում՝ մյուս կողմից էլ, 2018-2024 թվականներին համայնքներին տրվող դոտացիաները նախորդող 7-ամյա ժամանակահատվածի համեմատ աճել են 159 միլիարդ դրամով կամ 57 տոկոսով։
Այս թվարկումը դեռ կարելի է երկար շարունակել, բայց ասվածը բավարար է՝ ի ցույց դնելու համար, որ ոչ թե թալանվածը վերադարձված է և բաշխված է ժողովրդին, այլ թալանվածը վերադարձնելու և ժողովրդին վերադարձնելու համակարգ է ստեղծված, և այո, և այո, մոտավորապես երկու տրիլիոն դրամ արդեն իսկ վերադարձված և բաշխված է ժողովրդին և կամ ներդրված է Հայաստանի ռազմավարական զարգացման համար»,- ասաց նա։