Հունգարական ընդդիմադիր TISZA կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է, որ 2026 թվականի ընտրությունում իր կուսակցության հաղթանակի դեպքում հանրաքվե կանցկացվի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Կիևի հայտին Բուդապեշտի աջակցության վերաբերյալ:
«Այս հարցը բաժանում է Հունգարիայի հասարակությունը, ուստի այն կդրվի իրավաբանորեն պարտադիր հանրաքվեի, երբ մենք իշխանության գանք»,- խոստացել է Մադյարը՝ Բուդապեշտում կայացած հանրահավաքի ժամանակ։
Ընդդիմադիր գործիչը խոստացել է նաև վերականգնել Հունգարիայի հեղինակությունը, որը, իր կարծիքով, տուժել է ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի իշխանության օրոք, և երկիրը դուրս բերել միջազգային մեկուսացումից։
«Մեր հայրենիքը՝ Հունգարիան, կրկին կդառնա ՆԱՏՕ-ի հպարտ և հուսալի դաշնակիցն ու Եվրամիության լիիրավ անդամը»,- TISZA-ի ղեկավարի խոսքն է մեջբերել AP գործակալությունը։
Լրատվականը հիշեցրել է, որ TISZA կուսակցությունն այսօր ներկայացնում է ամենալուրջ մարտահրավերը Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանի Fidesz կուսակցության համար՝ 2010 թվականին իշխանության գալուց ի վեր: Օրբանը, որը բարեկամական կապեր է պահպանում Ռուսաստանի և Չինաստանի հետ, վերջին շրջանում բազմիցս մեղադրվել է ժողովրդավարական սկզբունքները խաթարելու, դատարանի անկախությունը խախտելու և ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու համար: Հունգարիայում տնտեսական խնդիրների, հատկապես բարձր գնաճի ֆոնին TISZA-ն սկսել է ժողովրդականությամբ մոտենալ իշխող կուսակցությանը։