«Կրիպտոակտիվների մասին» օրենքը մայր օրենք է, որը սկիզբ է դնելու կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ասել է՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Զեկուցողի խոսքով՝ նախաձեռնության նպատակը ոչ թե որևէ տեխնոլոգիայի, այլ ֆինանսական ծառայությունների կարգավորումն է: Օրենքի նախագիծը մշակելու ընթացքում Կենտրոնական բանկը հիմնվել է ԵՄ փորձի վրա՝ հաշվի առնելով, որ Հայաստանում արժեթղթերի կարգավորման ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը նման է ԵՄ օրենսդրությանը:
ԿԲ նախագահի տեղակալը նշել է, որ «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի նախագծով կարգավորվում են այն ակտիվներն ու ծառայությունները, որոնք գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում: Ըստ օրենքի՝ Հայաստանում առաջարկվում է իրականացնել կրիպտոակտիվներով հետևյալ ծառայությունները. առևտրային հարթակի գործարկում, ակտիվին կցված թոքենների (stablecoins) առաջարկ կրիպտոակտիվների պահառություն, իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք (փոխանակում), հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում, կրիպտոակտիվների տեղաբաշխում, կրիպտոակտիվների փաթեթի կառավարում, խորհրդատվություն, կրիպտոակտիվների փոխանցում: Ծառայությունները կարող են մատուցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք ՀՀ կենտրոնական բանկի կողմից կստանան համապատասխան լիցենզիա: Ծառայությունների մատուցման համար սահմանված են մի շարք, այդ թվում՝ մուտքի և կապիտալի նվազագույն չափի պահանջներ: Սահմանվում են նաև հաճախորդներին պատկանող միջոցների պաշտպանության հաշվետվողականության, կրիպտոակտիվների շուկայի չարաշահումների կանխարգելմանն ուղղված պահանջներ: Մասնավորապես, հաճախորդի միջոցները չեն կարող բռնագանձվել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձի պարտքերի դիմաց, կրիպտոակտիվներով ծառայություն մատուցողն էլ չի կարող իր հաճախորդների միջոցներն օգտագործել իր շահերի համար:
Օրենքի նախագծով կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք պետք է վարեն առանձնացված հաշվառում՝ յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաև իրենց միջոցների համար: Նրանք նաև պարբերաբար հաշվետվություն են ներկայացնելու ԿԲ-ին և իրենց հաճախորդներին:
Զեկուցողը պատասխանել է նաև պատգամավորների՝ վճարումների գործարքին, էլեկտրոնային փողին, էլեկտրոնային դրամապանակի ծառայության մատուցմանը, լիցենզիայի տրամադրմանը, կրիպտոակտիվներին, կիբեռանվտանգությանը վերաբերող հարցերին:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն առաջարկել է մինչև օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել նաև աշխատանքային քննարկում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկվող հարցին: Առաջարկվել է օրենսդրական փաթեթն ընդգրկել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: