Մոսկվան վստահ է, որ անհնար է միաժամանակ լինել երկու հակադիր միություններում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունը՝ նշել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա ընդգծել է, որ վերջնական որոշումը Հայաստանինն է՝ որպես ինքնիշխան պետության։ Դիվանագետը կարծիք է հայտնել, որ եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայումս ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։ Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար՝ նշել է Գալուզինը: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում անցյալ տարի՝ 2024 թվականին, մեր համագործակցությունը շարունակվում է», - ասել է Գալուզինը:
«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ՌԴ արտաքին գործերի փոխնախարարն անդրադարձել է նաև Վրաստանի հետ հարաբերությունների, շեշտել՝ Մոսկվան պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Թբիլիսիի հետ: «Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պատրաստ է վրացական կողմը: Այստեղ մեզ համար սահմանափակումներ չկան»,- ասել է դիվանագետը:
Խոսելով Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների մասին՝ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը մտադիր է կոնկրետ և գործնական արդյունքի հասնել ԱՄՆ-ի հետ բանակցություններում՝ լինի ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը, թե ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների որոնումը: Դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը տարբեր մոտեցումներ է ցուցաբերում ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, մինչդեռ ուկրաինական կողմը ցույց է տալիս, որ պատրաստ չէ բանակցություններին:
Մանրամասները՝ տեսանյութում: