Եվրամիության արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում են՝ քննարկելու Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները, ԵՄ-Աֆրիկա հարաբերությունները և Արևմտյան Բալկանները: Հանդիպումից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի մայիսին կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ:
«Քննարկումները շարունակվում են, բայց դուք գիտեք, որ պատժամիջոցների կիրառման համար անհրաժեշտ է բոլոր 27 երկրների համաձայնությունը»,- նշել է Կալլասը:
Խոսելով Գազայում տիրող իրավիճակի մասին՝ ԵՄ դիվանագետը նշել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, սակայն երկրի ներկայիս գործողությունները դուրս են գալիս համաչափ ինքնապաշտպանության տրամաբանությունից:
«Մենք ողջունում ենք Գազայի վերականգնման արաբական ծրագիրը, բայց միևնույն ժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ այն չունի երեք կարևոր տարր՝ ֆինանսավորում, անվտանգություն և Գազայի կառավարումլ»,- նշել է Կալլասը:
Եվրամիությունը 1,6 միլիարդ եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի պաղեստինցիներին, հայտարարել է Կալլասը։ ԵՄ-ն ներդրումներ կկատարի անհրաժեշտ ենթակառուցվածքներում՝ միաժամանակ մարդասիրական օգնություն և աջակցություն տրամադրելով փախստականներին։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։