Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Կառավարությանը պահանջագիր են ներկայացրել՝ բաղկացած 12 կետից, և Երևանի Ազատության հրապարակում նստացույց են անում:
Պահանջները կարելի է երկու մասի բաժանել՝ սոցիալական խնդիրներ և իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպիսիք են գերիների վերադարձը Բաքվի բանտերից, իրենց տներ վերադառնալու՝ տեղահանվածների իրավունքը, Արցախի մշակութային ժառանգության պահպանումը:
Վերլուծաբանները, անվտանգության փորձագետները մատնացույց են անում, որ իրականում Հայաստանի իշխանությունները հետամուտ են այն խնդիրներին, որոնք ներկայացված են պահանջագրում:
Թե՛ գերիների ազատ արձակման, թե՛ տեղահանվածների մնացյալ իրավունքներին վերաբերող հարցերը մշտապես բարձրաձայնվում են միջազգային ատյաններում:
Պաշտոնական Երևանի աշխատանքի շնորհիվ տարբեր հեղինակավոր կառույցներ բանաձևեր ու հայտարարություններ են ընդունել՝ պահանջելով Ադրբեջանից հարգել արցախցիների իրավունքները:
Ինչ վերաբերում է սոցիալական աջակցությանը, ապա այն ոչ թե դադարեցվում է, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ դառնում է թիրախային:
Մասնագետների գնահատմամբ՝ հանրության շրջանում թյուր ընկալումները տարածվում են միտումնավոր. դա անում են հստակ քաղաքական շրջանակներ՝ քաղաքական նկատառումներով: Նույն շրջանակներն էլ ձգտում են արցախցիներին համոզել, թե իբր Կառավարությունը ցանկանում է, որ իրենք լքեն Հայաստանը:
Արցախցիների և փորձագետների հետ Իրինա Մկրտչյանն է զրուցել: