Ապրիլի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն Անտոնի քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառումը տեղի է ունեցել հայազգի քանդակագործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև, որի տեղադրման 10-ամյա հոբելյանը նշվում է ընթացիկ տարում։
Իր ելույթում դեսպան Խաչատրյանն ընդգծել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման կարևորությունը, ինչպես նաև ժխտողականության և անպատժելիության դատապարտման անհրաժեշտությունը՝ որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման կարևոր գործոն։
Նա նշել է, որ, ցավոք 21-րդ դարում ևս հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական մարտահրավերների և անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ իրագործված էթնիկ զտման հանգամանքին։
Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությանը՝ Հայաստանի դեսպանն առանձնահատուկ հիշատակել է ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, փաստաբան և նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի անգնահատելի ներդրումն այս հարցում։
Դեսպան Խաչատրյանը հավելել է, որ, սեփական պատմությամբ գիտակցելով մարդկության դեմ հանցագործությունների ամբողջ ողբերգությունը, Հայաստանն այսօր դարձել է ցեղասպանությունների կանխագելման օրակարգի առաջամարտիկներից՝ ակտիվորեն ներգրավվելով միջազգային հարթակներում այս ուղղությամբ գործադրվող ջանքերի համակարգման աշխատանքներում։
Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի և Պատրիկ Դևեջյանի այրիները՝ Մարի Ռաստ-Կլանը և Սոֆի Դևեջյանը, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին և Անտոնիի ու Բուլոյն-Բիլանկուրի պրեֆեկտի տեղակալ Բենուա Տրեվիսանին։
Արարողությանը ներկա էին և «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղեցին նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան, Սենատի անդամ Հերվե Մարսեյը, Շատենե-Մալաբրի, Սո, Բուրգ-լա-Ռենի քաղաքների քաղաքապետերը, դեպարտամենտային և քաղաքային խորհուրդների անդամներ, ֆրանսահայ համայքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։