Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է Անթալիայի դիվանագիտության ֆորումը, որը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: Առաջնորդներ, դիվանագետներ և պաշտոնյաներ ամբողջ աշխարհից հավաքվել են Թուրքիայի հարավում ավելի կայուն գլոբալ ապագայի համար ընդհանուր ռազմավարություն մշակելու և դիվանագիտության միավորող ուժի կարևորությունն ընդգծելու համար: Օրակարգի հիմնական թեմաներն են՝ միջազգային զարգացումները, կլիմայի փոփոխությունը, ահաբեկչության դեմ պայքարը, մարդասիրական օգնությունը, թվային փոխակերպումը, սննդի անվտանգությունը և արհեստական բանականությունը:
Անթալիայի դիվանագիտության ֆորումի բացման պաշտոնական արարողությանը ելույթով է հանդես եկել Թուրքիայի նախագահը: Եվրոպան չի կարող արդյունավետորեն ապահովել իր անվտանգությունը առանց Անկարայի մասնակցության՝ հայտարարել է Էրդողանը:
«Ունենալով ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ ցամաքային բանակը՝ Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել եվրոպական անվտանգության համար, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում, որում մեր երկիրը մեծ հաջողությունների է հասել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում»,- նշել է Էրդողանը:
Խոսելով Գազայում տիրող իրավիճակի մասին՝ նա Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն և իսրայելական կողմին նաև մեղադրել է Սիրիայում անվտանգային իրավիճակը ապակայունացնելու համար․
«Թուրքիան ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում Սիրիայում, թույլ չի տա ապակայունացում այնտեղ և աչք չի փակի հանրապետության միասնությունը խաթարելու փորձերի վրա»։
Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ սերտ կապ է պահում Ռուսաստանի և ԱՄՆ-ի իր գործընկերների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ՝ սիրիական հարցի շուրջ։ Իր ելույթում Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Էրդողանի խոսքով՝ Անկարան ձգտում է նաև պահպանել խաղաղությունն ու կայունությունը Արևելամիջերկրական և Էգեյան տարածաշրջանում։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։