Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց անկախ Պաղեստին Պետության ստեղծման։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։
«Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավոր է միայն իսրայելա-պաղեստինյան հարցի լուծմամբ՝ երկու պետության համակեցության սկզբունքի հիման վրա։ Դա կախված է ազատ, ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումից՝ 1967 թվականի սահմաններում, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,- Էրդողանի խոսքը փոխանցել է TRT Haber հեռուստաալիքը:
Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել միջազգային հանրության բոլոր անդամներին, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, պատասխանատվություն ստանձնել՝ «դադարեցնելու արյունահեղությունը և աջակցելու պաղեստինցի ժողովրդին»:
Նա նաև ընդգծել է, որ «Իսրայելը վերածվում է խնդրահարույց երկրի, որն ուղղակիորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը, հատկապես՝ Լիբանանի ու Սիրիայի վրա իր հարձակումներով»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 9-ին հայտարարել էր, որ այս ամառ իր երկիրը կարող է ճանաչել Պաղեստինի Պետությունը։