Գնդապետ Սյուզան Մեյերսն ազատվել է Գրենլանդիայում գտնվող ԱՄՆ Պիտուֆիկ տիեզերական բազայի հրամանատարի պաշտոնից՝ «վստահությունը կորցնելու» պատճառով։ Դրանից քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ նա քննադատել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն ամերիկյան ռազմաբազա։ Գնդապետ Շոն Լին նշանակվել է բազայի նոր հրամանատար։
Հինգշաբթի՝ ապրիլի 10-ին, Military.com կայքը, որը մասնագիտացած է ամերիկյան զինվորականների մասին նորությունների հարցով, հաղորդել է Վենսի այցից կարճ ժամանակ անց բազայի զինծառայողներին ուղարկված Մեյերսի նամակի մասին։
«Ես չեմ ձևացնում, թե հասկանում եմ ներկայիս քաղաքականությունը, բայց գիտեմ, որ վարչակազմի մտահոգությունները, որոնք ուրբաթ հայտնեց փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, չեն արտացոլում Պիտուֆիկ տիեզերական բազայում տիրող իրավիճակը», - Մեյերսի խոսքերն է մեջբերել Military.com-ը։
Գնդապետը, որը ղեկավարել է ռազմաբազան 2024 թվականի հուլիսից, բազայի ամբողջ անձնակազմին, այդ թվում՝ դանիացիներին և գրենլանդացիներին ուղարկած նամակում նշել է. «Ես խոստանում եմ, որ քանի դեռ բախտ ունեմ ղեկավարելու այս բազան, մեր դրոշները հպարտորեն կծածանվեն միասին»։
Փոխնախագահ Վենսը մարտի 28-ին Պիտուֆիկ այցի ժամանակ քննադատել էր Դանիային՝ ասելով, որ Կոպենհագենը «վատ աշխատանք է կատարել» և «բավարար ներդրումներ չի կատարել Գրենլանդիայի ժողովրդի ու կղզու անվտանգության համար»։ ԱՄՆ փոխնախագահը նաև խոսել էր Արկտիկայում Ռուսաստանից և Չինաստանից սպասվող սպառնալիքի աճի մասին։