Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը խոսելով Գազայի հատվածում զարգացումներից, շեշտել է՝ ցանկանում է, որ պատերազմն ավարտվի:
«Կարծում եմ՝ դա տեղի կունենա ինչ-որ պահի՝ ոչ հեռու ապագայում: Դիտարկում ենք ևս մեկ հրադադարի հնարավորություն: Կարծում եմ՝ Գազայի հատվածը՝ որպես անշարժ գույք, անհավանական կարևոր օբյեկտ է: Մենք պատրաստ ենք ներգրավվել: Լավ կլիներ նաև այնտեղ ամերիկյան խաղաղապահ ուժեր ունենալ, որոնք կվերահսկեին և կտիրապետեին Գազայի հատվածը: Եթե պաղեստինցիներին տեղափոխենք տարբեր երկրներ, ազատ գոտի կստանանք, որտեղ ամեն օր մարդկանց չեն սպանի: Եվ այն կվերածվի հիասքանչ վայրի: Զարմանում եմ, որ Իսրայելը ժամանակին հրաժարվել է դրանից»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը:
Իսրայելի վարչապետն էլ հայտնել է, որ ամերիկյան կողմի աջակցությամբ աշխատում են ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ:
«Միաժամանակ, փորձում ենք չեզոքացնել ՀԱՄԱՍ-ը և հնարավորություն տալ Գազայի ժողովրդին՝ ազատորեն գնալ՝ ուր ուզում են: Նախագահ Թրամփը համարձակ տեսլական է առաջ քաշել: Քննարկել ենք այն երկրների ցանկը, որոնք կարող են ընդունել պաղեստինցիներին, եթե նրանք որոշեն հեռանալ, քանի որ Գազան վերականգնելու համար տարիներ կպահանջվեն: Քննարկել ենք նաև Սիրիան: Մենք չենք ցանկանում, որ որևէ մեկն օգտագործի Սիրիան՝ Իսրայելի վրա հարձակվելու համար, այդ թվում՝ Թուրքիան: Թրամփի հետ քննարկել ենք՝ ինչպես կարող ենք խուսափել հակամարտությունից, քանի որ Վաշինգտոնը լավ հարաբերություններ ունի Անկարայի հետ»,- նշել է Իսրայելի վարչապետը:
Դոնալդ Թրամփն արձագանքել է՝ առաջարկելով իր օգնությունը Թուրքիայի և Իսրայելի միջև առկա խնդիրները լուծելու հարցում:
«Լավ հարաբերություններ ունեմ Էրդողանի հետ, ես նրան եմ սիրում, նա էլ՝ ինձ: Էրդողանը Սիրիայում արել է այն, ինչը չի հաջողվել ուրիշ ոչ ոքի»,- հավելել է ԱՄՆ նախագահը: