ԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակային տարիքի հասնելուց ստանում են կենսաթոշակ, ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, և երբ կհասնեն կենսաթոշակային տարիքի, կստանան կուտակային կենսաթոշակները նույնպես։ Սրանք այն միջոցներն են, որոնք պետք է մնան, որպեսզի այդ մարդիկ բարձր, պատշաճ կենսաթոշակներ ստանան։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն առաջարկին, համաձայն որի՝ կվերանայվի արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների որոշումը, և յուրաքանչյուր անձի հնարավորություն կտրվի տնօրինել իր կուտակած միջոցները այժմ, երբ դրա կարիքն ունեն:
«Այն եղանակը, որով առաջարկում են տնօրինել այդ միջոցների հաշիվները, չունի նախադեպը Հայաստանում: Որևէ դեպքում մենք այդ կուտակային կենսաթոշակային հաշիվների միջոցները նման ազատ եղանակով տնօրինելու որոշումներ կայացրած չենք եղել, և այդ պատճառով կարծում ենք, որ պետք է կարգավորումները և մոտեցումները նույնը լինեն»,- ասաց փոխվարչապետը։
Դիտարկմանը, թե կենսաթոշակային տարիքի հասնելու համար ապրել է պետք, ուստի ճիշտ չէ՞, որ այդ խնդիրը դրվի այժմ, և լուծվի ապրելու հարցը, թեև հետագայում՝ հենց կենսաթոշակային տարիքում, նոր խնդրի բախվելու հավանականությունը մեծ կլինի, փոխվարչապետը պատասխանեց. «Շատ հեշտ է մի քանի հարյուր հազար դրամը ծախսել միանգամից, և այդ էջն էլ կփակվի: Բայց խնդիրները դրանով չեն ավարտվում։ Կարծում ենք, որ երկարաժամկետ կայունություն հնարավոր է այն ժամանակ, երբ մարդիկ արդեն իրենց բնակության վայրերում կունենան զբաղվածություն, եկամուտներ և չեն մտածի այն փոքր հնարավորության մասին, որ կապված է այդ կուտակային հաշիվների հետ։ Իսկ դրանք պետք է ծառայեն ըստ նպատակի, այսինքն՝ պետք է մնան և օգտագործվեն այն ժամանակ, երբ այդ մարդիկ կանցնեն կենսաթոշակի»։
Փոխվարչապետը նաև հիշեցրեց, որ այն 22,000 մարդիկ, որոնք այսօր Հայաստանում աշխատանքի են անցել, իրենք իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվներն ունեն, շարունակում են հատկացումներ կատարել այդ հաշիվների վրա:
Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ արցախցիների հետ երկխոսությունը շարունակվում է, և հույս հայտնեց, որ արձագանքը՝ եղած հարցերը քննարկելու, ձևաչափի առումով համարժեք ընկալում կունենա: