Մենք ընդամենը ամիսներ առաջ՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, բնակարանային աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ ենք կատարել: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Ծրագիրը կա դեռևս 2023 թվականի հոկտեմբեր ամսից: Սկզբից կառավարությունը այն հաստատել էր վեց ամսով, որպես ժամանակավոր միջոցառում։ Այնուհետև մենք շարունակեցինք մինչև 2024 թվականի տարեվերջ: Եվ մենք 2024 թվականի նոյեմբերին հայտարարեցինք, որ այս ծրագրի պայմանները վերանայվելու են: Ինչու. ուզում եմ բացատրել։ 50 000-ական դրամներ էինք հատկացնում յուրաքանչյուր մարդու՝ ընտանիքի ամեն անդամի, անկախ այն հանգամանքից՝ այդ անդամը երեխա է, թոշակառու է, աշխատանքային տարիքի մարդ է, աշխատանք ունի թե ոչ։
Եվ մենք հասկանալով, որ այս բնակարանային վարձի աջակցության ծրագիրը դարձել է խանգարող գործոն երկարաժամկետ աջակցության ծրագիրն իրականացնելու հարցում, 2024-ի նոյեմբերին կայացրինք որոշում, որով ասել էինք, որ 2025 թվականի ապրիլից աջակցությունը կնվազի։ Մենք առաջին փուլում ասում ենք, որ ապրիլից մինչև տարեվերջ աշխատանքային տարիքի մարդկանց համար այլևս այդ աջակցությունը չի գործի, կգործի երեխաների, կենսաթոշակային տարիքի, հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առաջին և երկրորդ խմբի, և կերակրողին կորցրած ընտանիքների համար։ Այսինքն՝ այն ընտանիքները, որոնք իրականում խոցելի են, մենք նրանց շարունակում ենք մինչև տարվա վերջ համարել շահառու, մեկ մարդու հաշվով աջակցության չափը 50 000-ի փոխարեն սահմանելով սկզբից երեք ամիս 40 000, հետո հուլիսից մինչև տարեվերջ՝ 30 000 դրամ, որպեսզի մարդիկ մտածեն բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու և իրենց տները կառուցելու կամ ձեռք բերելու մասին»,- նշել է փոխվարչապետը։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Կառավարություը հասկացել է, որ այս փոփոխության հետևանքով կարող են լինել ընտանիքներ, որոնք չեն կարողանա հոգալ իրենց բնակարանային վարձի հարցը։ «Եվ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շատ երկար ժամանակ քննարկում էր այս փոփոխված ծրագրին զուգահեռ մեկ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որն արդեն ընտանիքի եկամուտները կհաշվեր և կորոշեր՝ լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա թե չկա:
Եթե մենք հաշմանդամության առաջին և երկրորդ խումբ ունեցող անձանց և կենսաթոշակառուներին հատկացնում ենք իրենց 40 000-ականները, և պարզվում է, որ դրանով հանդերձ՝ ընտանիքի հանրագումար եկամուտները որոշակի շեմից ցածր են, մենք այդ ընտանիքին նախատեսում ենք ապրիլ ամսից սկսած հատկացնել լրացուցիչ դրամական եկամուտներ։ Բանաձևը լինելու է այսպիսին. եթե մեկ անձի հաշվով 55 000 դրամից պակաս եկամուտներ եղան, հաշվի առնելով իրենց բոլոր, այդ թվում նաև աշխատողների աշխատանքային եկամուտները, մենք կտանք 40 000, եթե մեկ մարդուց է բաղկացած ընտանիքը, և լրացուցիչ 10 000-ական յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով, և, օրինակ, եթե մեկ ընտանիքի հաշվով մեր 40 000 աջակցությունը, որ տրվելու է անչափահասներին և կենսաթոշակային տարիքի անձանց, այս, պայմանական ասենք, 40 000 գումարած 10 000-ական ծրագրի վերանայված տարբերակում պարզվի, որ 55 000-ից պակաս եկամուտներ ունի ընտանիքի յուրաքանչյուր անդամը, և այդ ընտանիքը չորս հոգուց է բաղկացած, ապա կստանա լրացուցիչ ևս 70 000 դրամ։ Սա այն գործիքն է, որը պետք է այս անցումային ժամանակահատվածում մեղմի այն ընտանիքների սոցիալական վիճակը, որոնք իրականում, եթե երկու անդամ է ընտանիքում, երկուսից ոչ մեկը դեռևս աշխատանք չունի։ Եվ մենք այդ երկու անդամ ներկայացող ընտանիքին 50 000 դրամ հատկացնելով՝ կարող ենք մտածել, որ նրանք առնվազն բնակարանային վարձի խնդիրը կկարողանան լուծել»,- ասել է նա։