Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները:
«Եթե նման գործընթաց կայանա, ապա Օմանը կլինի բանակցությունները վարելու հիմնական թեկնածուն»,- Բաղաեիի խոսքն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։
Միաժամանակ նա հերքել է տեղեկությունները, թե Թեհրանն ու Վաշինգտոնն արդեն սկսել են անուղղակի բանակցություններ։ Նա հերյուրանք է անվանել բանակցային հանձնաժողովի ստեղծման մասին տեղեկատվությունը:
Բաղաեին հիշեցրել է, որ Թեհրանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին և այժմ սպասում է ամերիկյան կողմի արձագանքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ կլինի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին՝ պայմանով, որ իր դեմ պատժամիջոցները չեղարկվեն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ, որը շարունակում է սպառնալ ուժի կիրառմամբ՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, ուղիղ բանակցություններն անիմաստ են։ Արաղչին հավելել է, որ Թեհրանը ցանկանում է զարգացնել միջնորդավորված բանակցությունների տարբերակը։