Ռուսաստանն ու Ադրբեջանը Բաքվում Ռուսաստանի տան հարցում փոխզիջում են փնտրում, բոլորը տրամադրված են կառուցողական ու լավատեսորեն։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ե՛վ ադրբեջանական կողմը, և՛ մենք կառուցողական ենք և միանգամայն լավատես, որ դեռ կգտնենք փոխզիջումային տարբերակ, և լայնածավալ աշխատանքը կվերականգնվի»,- ասել է նա։
Փետրվարի 3-ին Ադրբեջանը նոտա էր հղել Ռուսաստանին Բաքվում Ռուսաստանի տան գործունեությունը դադարեցնելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը, ռուսական մշակույթը խթանելու պատրվակով, իբր զբաղվել է լրտեսությամբ։
Կենտրոնը փակելու պահանջը հնչել է Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառով Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Ավելի վաղ Կրեմլը ափսոսանք էր հայտնել Ադրբեջանում Ռուսաստանի տան փակման համար։