Նախագահ Դոնալդ Թրամփը գերազանց է անվանել ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը։ «Դրանք արդեն գործում են, և դա հրաշալի է»,- գրել է ամերիկացի առաջնորդը սոցցանցերում։ Նրա խոսքով՝ թերահավատները մի օր կհասկանան, թե այդ միջոցներն ինչքան օգտակար են ԱՄՆ-ի համար։
Թրամփը պատասխանել է նաև նոր մաքսատուրքերի պատճառով արժեթղթերի շուկաների անկման մասին հարցին։ «Ես չեմ ուզում, որ անկում լինի: Բայց երբեմն պետք է դեղ ընդունել՝ ինչ-որ բան շտկելու համար»: Լրագրողները նաև հարցրել են, թե որքան հավանական է Եվրամիության հետ մաքսատուրքերի փոխադարձ զրոյացումը։ Թրամփը հրաժարվել է նման գործարք կնքել Եվրոպայի հետ, քանի որ, նրա խոսքով, Եվրոպան «մեծ կարողություն է կուտակել ԱՄՆ-ի հաշվին, և եվրոպական երկրները նախ պետք է սկսեն «ամեն տարի մեծ գումարներ վճարել Ամերիկային»:
Թրամփը նաև հայտարարել է, որ անցած հանգստյան օրերին բանակցություններ է վարել եվրոպական և ասիական առաջնորդների հետ Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերի հարցով: Նա ասել է, որ այն պետությունները, որոնց դեմ սակագներ են սահմանվել, մի քանի տարբերակ ունեն ՝ պատասխան միջոցներ ձեռնարկել, որոնց ԱՄՆ-ն անմիջապես կարձագանքի սակագների էլ ավելի բարձրացմամբ, ոչինչ չձեռնարկել ու ապրել նոր սակագներով և բանակցել:
Միևնույն ժամանակ, Եվրամիությունը մտադիր է առաջիկա օրերին պատասխանել Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին և ակտիվացնել մինչև 28 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ներմուծման դեմ հակաքայլերի առաջին փաթեթը: