ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Ուկրաինայի ռմբակոծությունը և կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել այդ հարձակումները։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր «լավ համագործակցության» մասին Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման հարցում՝ կրկին ընդգծելով ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նշել է, որ իր ղեկավարը բանակցությունների համատեքստում նյարդայնացած է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից, սակայն անկեղծորեն շահագրգռված է ճգնաժամի ավարտով և անձամբ է ներգրավված խաղաղ կարգավորման բանակցություններում։
Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը նույնպես խոսել է Թրամփի դժգոհության մասին։ Նա ապրիլի սկզբին ընդգծել էր, որ ուկրաինական հակամարտությունը հրադադարի շեմին է, սակայն կողմերը դեռ պետք է համաձայնության գան։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ, եթե Ռուսաստանը չհամաձայնի հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ռուսական զորքերը շարունակում են զանգվածային հարձակումները Ուկրաինայի տարածքում: Զոհեր կան հատկապես Կրիվոյ Ռոգի վրա հրթիռային հարձակման հետևանքով։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել մի օբյեկտի, որտեղ հանդիպում էին Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարներն ու արևմտյան հրահանգիչները։
Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ հրթիռային հարվածի և դրան հաջորդած անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 9 երեխա, թիրախում եղել է բարձրահարկ շենքի տարածքը, որտեղ գործող ռեստորանում ոչ ռազմական միջոցառում էր տեղի ունենում: