ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերի շնորհիվ նավթի ու պարենի գները նվազում են, և երկրում գնաճ չկա։ ԱՄՆ աշխատանքի վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալով՝ փետրվարին երկրում տարեկան գնաճը նվազել է մինչև 2,8 տոկոս՝ հունվարի 3 տոկոսի համեմատ։ Էներգիայի գինը տարեկան կտրվածքով նվազել է 0,2%-ով, իսկ գազի գինն աճել՝ 6%-ով։ Աճել է նաև սննդամթերքի գինը (2,6%՝ 2,5%-ի դիմաց)։ Միևնույն ժամանակ, հիմնական տարեկան գնաճը դանդաղել է մինչև 3,1%՝ կազմելով ամենացածր մակարդակը 2021 թվականի ապրիլից ի վեր։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ «շաբաթական միլիարդավոր դոլարներ» են հոսում ԱՄՆ՝ արդեն գործող մաքսատուրքերի հաշվին։
Միաժամանակ մաքսատուրքերը պատճառ են դարձել ֆոնդային շուկաների փլուզման։ Համաշխարհային շուկաները սկսել են ընկնել աճող առևտրային պատերազմի ֆոնին այն բանից հետո, երբ անցած շաբաթ Թրամփը 10-50% մաքսատուրքեր է սահմանել աշխարհի երկրների մեծ մասի նկատմամբ: Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ի ներմուծման համար 34% պատասխան մաքսատուրքերի մասին և որոշել հայց ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ):
Միացյալ Նահանգներում երկու օրվա ընթացքում S&P 500 ինդեքսը նվազել է 10,53%-ով, NASDAQ Composite տեխնոլոգիան՝ 11,44%-ով, իսկ արդյունաբերական Dow Jones Industrial Average-ը՝ 9,26%-ով։ Ապրիլի 7-ին անկումն ուժեղացել է: Ասիական ֆոնդային շուկաները սակարկությունների ընթացքում կորցրել են 13%: Եվրոպայում առուվաճառքի բացման ժամանակ գերմանական DAX 40 ինդեքսը նվազել է 10,42%-ով, բրիտանական FTSE 100-ը՝ 6,33%-ով, իսկ ֆրանսիական CAC 40-ը՝ 7,03%-ով:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինը 2021 թվականի ապրիլի 12-ից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց 63 դոլարից ցածր է:
Ըստ մասնագետների՝ մարդիկ անհանգստացած են, որ ռեցեսիա կսկսվի նախ ԱՄՆ-ում, ապա՝ ամբողջ աշխարհում: