ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգում ավելի քան 1400 բողոքի ցույց է անցկացվել նախագահ Դոնալդ Թրամփի և նրա գործընկեր, միլիարդատեր Իլոն Մասկի քաղաքականության դեմ: Ընդհանուր առմամբ՝ «Ձեռքերդ հեռու» կարգախոսով ցույցերին մասնակցել է մոտ 600 հազար մարդ, հայտնում է CNN-ը։ Դա ամենամեծ համազգային ակցիան է Թրամփի` Սպիտակ տուն վերադարձից հետո:
Ըստ Associated Press-ի և Reuters-ի՝ ցույցերը կազմակերպել են 150 տարբեր հասարակական խմբեր: Հանրահավաքներից առաջ կազմակերպիչները Թրամփին ներկայացրել են երեք հիմնական պահանջ՝ վերջ տալ «միլիարդատերերի կողմից իշխանության զավթմանը», դադարեցնել սոցիալական ծրագրերի և Medicaid-ի դաշնային ֆինանսավորման կրճատումներն ու փոքրամասնությունների վրա հարձակումները: Հանրահավաքների մասնակիցները դեմ են արտահայտվել նաև տասնյակ հազարավոր պետական աշխատողների կրճատումներին և դաշնային գերատեսչությունների փակմանը:
Բողոքի ակցիաներից մեկը տեղի է ունեցել Ֆլորիդայում՝ Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրից 6 կմ հեռու, որտեղ նախագահը նախապես ժամանել էր գոլֆ խաղալու։
Թրամփը անմիջապես չի մեկնաբանել հանրահավաքները։ Truth սոցիալական ցանցի իր էջում նա միայն զգուշացրել է ամերիկացիներին, որ մյուս պետությունների ապրանքների համար ԱՄՆ-ի մաքսատուրքերի սահմանումից հետո դժվար ժամանակներ են սկսվելու: Միաժամանակ նա վստահեցրել է. «Սա տնտեսական հեղափոխություն է, և մենք հաղթելու ենք, համբերեք, վերջնարդյունքը պատմական է լինելու»: