Հանգստյան օրերին Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում գրանցվել է շուրջ 1200 բողոքի ակցիա՝ ընդդեմ Դոնալդ Թրամփի քաղաքականության: Ըստ CNN-ի՝ բողոքի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 600 հազար մարդ: Տեղի ունեցած ակցիաներն ամենազանգվածայինն են Սպիտակ տուն Թրամփի վերադարձից ի վեր:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ամերիկացիների զայրույթն է առաջացրել նաև Իլոն Մասկի պաշտոնավարումը, առողջապահությանը հատկացվող ծախսերի կրճատումը, տնտեսությանն ու ազգային պարկերին հատկացվող օժանդակության կրճատումը, մի շարք այլ նորամուծություններ և ԱՄՆ նախագահի սահմանած ներմուծման մաքսատուրքերը։ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ ցույցեր են անցել նաև Մեքսիկայում և Եվրոպայում: Դեմոկրատ կոնգրեսական Էլ Գրինը հայտարարել է, որ առաջիկա օրերին Թրամփին իմփիչմենթի ենթարկելու միջնորդություն կներկայացնի:
Թրամփը չի մեկնաբանել հանրահավաքները։ Social Truth սոցիալական ցանցի իր էջում նա միայն զգուշացրել է ամերիկացիներին՝ դժվար ժամանակներ են սպասվում մաքսատուրքերի սահմանումից հետո: «Սա տնտեսական հեղափոխություն է, և մենք հաղթելու ենք: Դիմացեք, թեև դա հեշտ չէ, վերջնարդյունքը կլինի պատմական»,- գրել է նախագահը: