Մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունը հիմնական հարցի պատասխանը այդպես էլ չտվեց: «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ բոլորից շատ ձայն, սակայն, չունեցավ 50 տոկոս: Ավագանիում հայտնված ընդդիմադիր չորս քաղաքական ուժից երեքը անմիջապես Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնեցին:
Ստեղծված իրավիճակում հարցը կարող է վճռվել Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ձայների շնորհիվ: Գրիգորյանի համար բարդ է Վարդան Ղուկասյանին աջակցելը. նրանց միջև քրեական արյունալի պատմություններ կան, և հենց քարոզարշավի ամբողջ ընթացքում Գրիգորյանը հիմնավորում էր, որ Ղուկասյանն ամենախոցելի թեկնածուն է, որի ընտվելը մի շարք վտանգներ կարող է պարունակել:
Այդուհանդերձ, երկար մտածելուց հետո, Մարտուն Գրիգորյանը որոշել է անհրաժեշտ քանակի ձայներ տալ, որ ընդդիմադիր թեկնածուն դառնա Գյումրի համայնքի ղեկավար: Մասնագետները, սակայն, խնդիրը լուծված չեն համարում: «Ցանկացած լուծում խարխուլ է և ճգնաժամի վտանգ պարունակող»,- փաստարկում են քաղաքագետները։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան