Ուկրաինայում զինադադարի պահպանման պատասխանատվությունը Ռուսաստանինն է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո: ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտարարել է, որ դաշնակիցներն ավելի շատ գումար են հատկացնելու պաշտպանական ծախսերին:
«Դաշնակիցները շատ հստակ ուղերձ լսեցին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից՝ ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի հավատարմության մասին, ինչպես նաև շատ հստակ ակնկալիք, որ Եվրոպան և Կանադան պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն ընդհանուր անվտանգության համար և շարունակեն ավելացնել պաշտպանական ծախսերը»,- հայտարարել է Ռյուտեն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավաստիացրել է՝ դաշինքը շարունակելու է աջակցել Ուկրաինային՝ պաշտպանվելու Ռուսաստանի ռազմական հարձակումներից: Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը դաշինքի անդամ երկրների համար։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները երկօրյա հանդիպում են կազմակերպել Բրյուսելում, որին առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ելույթ ունենալով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, Ռուբիոն հայտարարել է, որ ոչ թե ամիսների, այլ շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգները կհասկանա՝ արդյոք Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայի հետ խաղաղությանը:
«Եթե Մոսկվան շահագրգռված չէ խաղաղությամբ, մենք որոշումներ կկայացնենք՝ դրանից ելնելով: Կան ինչպես խոստումնալից, այնպես էլ մտահոգիչ ազդանշաններ», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։