Սամարղանդում կայացել է Կենտրոնական Ասիայի և Եվրամիության միջև առաջին գագաթնաժողովը, որի լիագումար նիստում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այն անվանել է նոր էջ ԵՄ-Կենտրոնական Ասիա երկարամյա բարեկամության մեջ:
«Այսպիսով, այսօր մենք ստեղծում ենք նոր ռազմավարական գործընկերություն Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև: Այն ավելի խոր կապեր կստեղծի մեր երկու տարածաշրջանի միջև: Դա կբերի համագործակցության նոր հնարավորություններ, լինի էներգետիկ ոլորտում, թե անվտանգության՝ թվայինից մինչև զբոսաշրջություն: Դա կմիավորի մարդկանց մեր տարբեր շրջաններից: Մենք ցանկանում ենք համագործակցության նոր ուղիներ բացահայտել»,- ասել է ֆոն դեր Լայենը:
Այս հարցում նա կարևորել է հատկապես տրանսպորտային միջանցքների ոլորտը: «Անցյալ տարի մենք 10 միլիարդ եվրոյի ներդրում կատարելու խոստում ենք տվել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքին։ Դա մոտ կիսով կնվազեցնի ցամաքային ճանապարհը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև: Միջանցքը կբացահայտի նաև մեր տարածաշրջանների միջև բիզնեսի չօգտագործված ներուժը, կխթանի կապերն ու առևտուրը Կենտրոնական Ասիայի հինգ երկրի միջև»,- ասել է Ֆոն դեր Լայենը և ընդգծել.- Բայց միայն ենթակառուցվածքները բավարար չեն։ Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը»:
Եվրահանձնաժողովի նախագահը համոզված է, որ երեք տասնամյակ փակ լինելուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը բեկումնային կլինի։ Դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան կմոտեցնի միմյանց առավել, քան երբևէ: