Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի N 8 բազմաբնակարան շենքում 2025 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհից տուժած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Որոշմամբ առաջարկվում է Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացնել 24,915.7 հազար դրամ՝ 16 շահառու ընտանիքների համար առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման, հյուրանոցային ծառայությունների փոխհատուցման, ինչպես նաև տուժած բնակիչներին կենցաղային գույքի ձեռքբերման և վարձակալած բնակարանների ընթացիկ տարվա վարձավճարների ֆինանսական աջակցության տրամադրման համար։
Փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հրդեհի հետևանքով մեկ անձ զոհվել էր:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ստեփանավան համայնքում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել էր օպերատիվ աշխատանքային խումբ: Օպերատիվ շտաբի ղեկավար էր նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: