ԱՄՆ պետքարտուղարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Մարկո Ռուբիոն հավատացրել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավված է Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատանքներին: Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Միացյալ Նահանգները մտադիր է թուլացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ, անհիմն են:
«Նախագահ Թրամփը հստակ ասել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին», - շեշտել է Ռուբիոն: Նա հույս է հայտնել, որ Դաշինքի անդամները կկատարեն իրենց խոստումը և ռազմական ծախսերը կհասցնեն 5%-ի:
«Եթե մեզ սպառնացող վտանգների հետ կապված մտահոգություններն իրական են, ապա հարկավոր է դրանց դիմակայել», - նշել է պետքարտուղարը:
Մարկ Ռյուտեն էլ լրագրողների հետ զրույցում հաստատել է՝ ԱՄՆ-ը ծրագրեր չունի նվազեցնելու ներկայությունը Եվրոպայում:
«Շարունակում ենք աշխատել՝ որպես ուժեղ դաշնակիցներ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հավելել՝ կենտրոնացած են իրենց գլխավոր սպառնալիքի՝ Ռուսաստանի վրա, խնդիրներ կան նաև Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի հետ:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։