Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ապրիլի 3-ին հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Լե Քուանգ Թունգին:
Ողջունելով գործընկերոջը՝ Դավիթ Առաքելյանը կարևորել է նման փոխայցերի նշանակությունը երկու երկրների խորհրդարանների և խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության տեսանկյունից:
Նա նշել է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատակազմը բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի տարբեր երկրների խորհրդարանների աշխատակազմերի հետ: «Նման համագործակցությունը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ապահովելու խորհրդարանների բնականոն գործունեությունը, այլև ընձեռում է հնարավորություն՝ ուսումնասիրելու այլ երկրների խորհրդարանների աշխատանքների փորձն ու ինստիտուցիոնալ գործելաոճը»,- ասել է Դավիթ Առաքելյանը: Նրա խոսքով փորձի փոխանակմամբ աշխատակազմի աշխատակիցները, ուսումնասիրելով այլ երկրների խորհրդարանների աշխատակազմի փորձը, տարատեսակ ծրագրեր են տեղայնացրել Հայաստանի խորհրդարանում՝ ստեղծելով ավելի մեծ հնարավորություններ արդյունավետ գործունեություն ապահովելու համար:
Դավիթ Առաքելյանը գործընկերոջը ներկայացրել է ԱԺ աշխատակազմի կողմից իրականացված հաջողված և արդեն ինստիտուցիոնալ դարձած ծրագրերը: Նա, մասնավորապես, խոսել է «Ամառային դպրոց» ծրագրի մասին՝ նշելով, որ այն հնարավորություն է ընձեռում աշակերտներին ավելի լավ պատկերացնել երկրի կառավարման առանձնահատկությունները:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի խոսքով ակտիվ աշխատանքներ են իրականացվում երիտասարդական խորհրդարանի ներդրման ուղղությամբ, անցած տարի պիլոտային ներդրումից հետո բարձր էր գնահատվել ծրագրի ներուժը երիտասարդության շրջանում: Այս ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ուսումնասիրելու և ավելի մատչելի պատկերացնելու օրինաստեղծ գործունեությունը, քանի որ երիտասարդները հանդես են գալիս որպես պայմանական պատգամավորներ, մշակում են օրենքի նախագիծ, քննարկում հանձնաժողովներում և ներկայացնում երիտասարդներից կազմված խորհրդարանին, որտեղ և քվեարկում են: Հաղթած օրինագիծը ներկայացվում է գործող մշտական հանձնաժողովի, իսկ այնուհետև լիագումար նիստին՝ քննարկման համար:
Դավիթ Առաքելյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի համար կարևորագույն առաջնահերթություններից է խորհրդարանի գործունեության և գործընթացների թվայնացումը: Նա տեղեկացրել է նաև, որ Միջխորհրդարանական միության (IPU) շրջանակում անցյալ տարի մեր երկրում տեղի է ունեցել Երիտասարդ խորհրդարանների տարեկան համաժողովը: Հայաստանի խորհրդարանի աշխատակազմն ակտիվ է նաև Միջխորհրդարանական միության աշխատակազմերի ղեկավարների հարթակում:
Լե Քուանգ Թունգը շնորհակալություն է հայտնել Դավիթ Առաքելյանին ջերմ ընդունելության և խորհրդարանի հաջողված փորձն ու ծրագրերը ներկայացնելու համար: Վիետնամի խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարը եւս ներկայացրել է իրենց աշխատակազմում իրականացված, հաջողված ծրագրերը՝ շեշտելով, որ աշխատակազմերի կողմից իրականացվող գործառույթների որակյալ և պատշաճ իրականացումն է ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը, հետևապես խորհրդարանների աշխատակազմերի կարողությունների մշտական կատարելագործումը մեծ նշանակություն ունի:
Նա երկու երկրների աշխատակազմերի համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել, այդ թվում՝ Միջխորհրդարանական միության աշխատակազմերի ղեկավարների հարթակում:
Նշվել է, որ երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի փոխհամագործակցությունը կլինի արդյունավետ թե՛ խորհրդարանների, թե՛ աշխատակազմերի հարաբերությունների խորացման համար:
Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը: