2023-ին ներդրվեց տնօրենների նշանակման եռափուլ համակարգ, որը գործարկման փուլում, ըստ ԿԳՄՍ նախարարի, բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Տնօրենների մրցույթի հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում 30 տոկոսը, ինչը վկայում է ոլորտում եղած լուրջ խնդիրների մասին: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 3-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ըստ այդմ՝ տնօրենի թափուր տեղ ունեցող դպրոցներից միայն 30 տոկոսում են մինչև այս պահը նշանակվել տնօրեններ, այն է՝ 437-ից՝ 138 դպրոցում:
«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախորդ տարեվերջին հանրակրթության մասին օրենքում իրականացվեցին փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս տնօրեն գործուղել այն հաստատություններ, որոնք տևական ժամանակ տնօրեն չեն ունենում հավակնորդների բացակայության կամ դրական արդյունք չունենալու պարագայում: Գործուղման կարգը ներկայացվել է հանրային քննարկման»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նաև ընթացիկ կարգերն են լավարկվել, և որ նախագիծը նպատակ ունի առավել արդյունավետ կարգավորումներ սահմանել տնօրենների նշանակման գործընթացում:
Մի քանի մեխանիզմ է առաջարկվում, օրինակ՝ զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող հավակնորդը երկու անգամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու դեպքում պետք է կրկին զարգացման ծրագիր ներկայացնի, եթե հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ: Եթե տնօրենի հավակնորդը 4 դրական եզրակացություն է ստացել, նրա համար հնարավոր է՝ փորձաշրջան նշանակվի:
Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարին առաջարկել է տնօրենի հավակնորդների համար նախապատրաստական դասընթացներ անցկացնել:
«Այսինքն՝ ոչ մեկին թույլ չտանք տնօրենի մրցույթին մասնակցի, մինչև նա չգնա, չսովորի, չավարտի և սերտիֆիկատ չստանա:
Մենք մինչև սա հավաստագրի մեխանիզմ ունեինք, բայց կարևոր է, որ վարորդական իրավունքի նման չլինի: Կարևոր է, որ ռեալ լինի: Վատ պատկերացում է, որ լավ ուսուցիչը կարող է լավ տնօրեն լինել»,- ասաց նա: