Հունգարիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ մտադիր է Ազգային ժողովին Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու առաջարկ ներկայացնել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հունգարական խմբագրությունը։
ՄՔԴ-ից դուրս գալու հնարավորության մասին խոսակցություններն ակտիվացել են դեռևս Դոնալդ Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունից հետո: Հունգարիայի կառավարությունը սպասում էր դատարանի նկատմամբ Թրամփի գործողություններին: «Երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ պատժամիջոցներ կկիրառի Հաագայի դատարանի նկատմամբ՝ ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդերի, Հունգարիայի իշխանությունները դա ընդունեցին որպես գործողություն սկսելու ազդանշան»,- գրել է պարբերականը:
Այսօր՝ ապրիլի 2-ին, Իսրայելի վարչապետը պետք է ժամանի Հունգարիա։ Չնայած Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Նեթանյահուի դեմ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար ՄՔԴ-ի տրած ձերբակալման հրամանին՝ Իսրայելի վարչապետը որոշել է մեկնել Բուդապեշտ:
Հունգարիան ստորագրել և վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, սակայն չի փոխել ներքին օրենսդրությունը դրա իրականացման համար: Դա նշանակում է, որ Բուդապեշտը մտադիր չէ կատարել Նեթանյահուի ձերբակալության հրամանը։