Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն այս շաբաթ կարող է այցելել Վաշինգտոն՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցությունների։ Այդ մասին հայտնել են Reuters-ը և ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։
Նրանք նշում են, որ Դմիտրիևի ժամանումը կլինի ռուս բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Վաշինգտոն 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո: Ըստ CNN-ի՝ ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես չեղարկել են Դմիտրիևի դեմ պատժամիջոցները, որպեսզի պետքարտուղարությունը նրան մուտքի վիզա տրամադրի:
Դմիտրիևը սովորել և աշխատել է ԱՄՆ-ում, իսկ վերջերս Էր Ռիադում մասնակցել է ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններին։ Ինչպես նշում է CNN-ը, հենց նա է աշխատել Ուիթքոֆի հետ Ռուսաստանից ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելի ազատ արձակման հարցում։
Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցրել են, որ մարտի 30-ին Դոնալդ Թրամփը խոստացել է երկրորդական մաքսատուրքեր սահմանել ամբողջ ռուսական նավթի հանդեպ, եթե Մոսկվան խոչընդոտի Ուկրաինայում հրադադարի հաստատումը: ԱՄՆ նախագահին զայրացրել է, որ Վլադիմիր Պուտինը կասկածել է Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմությանը: Թրամփը կարծում է, որ ՌԴ իշխանությունները «ձգձգում են Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունները»: