Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից գրեթե չորս ամիս անց երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան ձևավորել է անցումային կառավարություն: Այն բաղկացած է 23 անդամից և ներառում է տարբեր կրոնական խմբերի ներկայացուցիչներ ու մեկ կին։
Այսպես, ալավիտների ներկայացուցիչը նշանակվել է տրանսպորտի նախարար, դրուզների ներկայացուցիչը գլխավորելու է գյուղատնտեսության նախարարությունը, քուրդ ներկայացուցիչը դարձել է կրթության նախարար, իսկ քրիստոնյա ներկայացուցիչը՝ կառավարության միակ կինը, նշանակվել է սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար։
Հատկանշական է, որ կաբինետում վարչապետ չկա: Ենթադրվում է, որ նրա գործառույթները կկատարի անձամբ Ահմեդ ալ-Շարաան։ Ժամանակավոր կաբինետի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները պահպանել են իրենց պաշտոնները:
Կառավարության կազմում չեն ընդգրկվել ԱՄՆ-ի աջակցությունը ստացող, քրդերի գլխավորած Սիրիայի ժողովրդավարական ուժերի կամ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ինքնավար քաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչները: