ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Վաշինգտոնի և Կիևի միջև օգտակար հանածոների համաձայնագրից դուրս գալու մտադրության համար։ «Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից, և եթե դա անի, մեծ, շատ մեծ խնդիրներ կունենա»: Նրա խոսքն է մեջբերում Reuters-ը։
Թրամփը նաև հավելել է, որ Զելենսկին «ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց դա երբեք չի լինի։ Նա դա հասկանում է»։
Նախօրեին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Կիևը ցանկանում է ավելի շատ ներդրումներ ստանալ ԱՄՆ-ից գործարքի շրջանակներում և կխնդրի փոփոխություններ կատարել Թրամփի առաջարկած տնտեսական գործարքում, դրանում ներառել ամերիկյան ներդրումների ավելացման պարտավորությունը:
Bloomberg-ը նշում է, որ առաջարկի նախագծով նախատեսվում է Վաշինգտոնի վերահսկողությունը Ուկրաինայի ենթակառուցվածքներում և օգտակար հանածոներում բոլոր խոշոր ներդրումների նկատմամբ՝ առանց ժամկետների սահմանափակման: Կիևում անհանգստացած են, որ գործարքի պայմանները կարող են խաթարել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը և իրենցից պահանջել փոխհատուցել պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգների ցուցաբերած ամբողջ ռազմական ու տնտեսական օգնությունը:
Նշվում է նաև, որ ուկրաինացի պաշտոնյաները ամերիկացի գործընկերների հետ զրույցի ժամանակ հայտնել են իրենց մտահոգություններն առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ: Ամերիկյան կողմը չի առարկել, հատկապես Եվրամիությանն Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասով։ «Դա խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը կարող է բաց լինել փոփոխությունների քննարկման համար»,- Bloomberg-ը փոխանցում է անանուն զրուցակցի դիրքորոշումը: