Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքե Ռասմուսենը Դանիայի հասցեին ԱՄՆ փոխնախագահի հնչեցրած մեղադրանքներից հետո, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Դանիան կարող են միասին աշխատել Արկտիկայի անվտանգության ուղղությամբ:
Ռասմուսենն ասել է, որ թեև իրենց դուր չի գալիս Վաշինգտոնի մեղադրանքների հնչերանգը, այնուամենայնիվ առկա են բազմաթիվ ուղիներ, որպեսզի ԱՄՆ-ն ավելի ծանրակշիռ ներկայություն ունենա Գրենլանդիայում՝ 1951 թվականի պաշտպանական համաձայնագրի պայմանների համաձայն:
Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ին, որ ամերիկացիները նույնպես բավականաչափ չեն արել Գրենլանդիայի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այսօր ունի 200 զինվորականով բազա, մինչդեռ Սառը պատերազմի տարիներին ամերիկացիները Գրենլանդիայում ունեին 17 ռազմական կայանք՝ 10 հազար զինվորով։