Չնայած վերջին ամիսներին Ադրբեջանում տեղացած զգալի տեղումներին՝ Կուր գետի ստորին հոսանքների ջրի մակարդակը նվազում է, իսկ գետի աղտոտվածության մակարդակը՝ բարձրանում: Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հաղորդագրություններ են տարածվում նաև Մինգեչաուրի ջրամբարում ջրի մակարդակի անկման մասին։ Ափամերձ շրջանների բնակիչները նշում են, որ ջրի նահանջն արդեն տեսանելի է անզեն աչքով, իսկ բուն ջրամբարի վիճակը նկատելիորեն վատացել է։
Արդեն մի քանի տարի է, ինչ կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով երկու ամենամեծ գետերում՝ Կուրում և Արաքսում, նկատվում է ջրային ռեսուրսների նվազում: Շոգ ամիսներին լեռնային վտակներից շատերն ամբողջությամբ չորանում են։ Ադրբեջանի բնակչության աճի հետ մեկտեղ ավելանում է նաև ջրի պահանջարկը։
Բացի այդ, Կուր գետի հունի նկատմամբ միջամտությունը, այնտեղ ավազի ու խճաքարային նյութերի արդյունահանումը և ագրոարդյունաբերական այգիների ստեղծումը նպաստում են գետում ջրի մակարդակի նվազմանը, որն ապահովում է 460 հազար հեկտար հողատարածքի ոռոգումը։