ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՄԱԿ-ի և մի շարք երկրների հովանու ներքո քննարկել Ուկրաինայում «ժամանակավոր կառավարման» ներդրումը, որպեսզի այնտեղ ընտրություններ անցկացվեն։ Համապատասխան հայտարարությունը նա արել է «Արխանգելսկ» ատոմային սուզանավային հածանավի նավաստիների հետ շփման ժամանակ, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները:
«Սկզբունքորեն, իհարկե, հնարավոր կլիներ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի հովանու ներքո, եվրոպական երկրների, իհարկե նաև՝ մեր գործընկերների և բարեկամների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնելու հնարավորությունը։ Դա անհրաժեշտ է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը իշխանության բերելու և հետո արդեն նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Ըստ Պուտինի՝ նման պայմաններում ձևավորված Ուկրաինայի կառավարության հետ հնարավոր կլինի ստորագրել «լեգիտիմ փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և հուսալի կլինեն»:
Հրապարակման պահին ուկրաինական կողմը չի մեկնաբանել Պուտինի գաղափարը։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայում կառավարումը որոշվում է երկրի սահմանադրությամբ և ժողովրդի կողմից: