Բրիտանական աջ ծայրահեղական «Ռեֆորմ» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը համաձայն չէ Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որին նա սովորաբար աջակցում է։
«Միանգամայն ճիշտ է խաղաղության ձգտելը, բայց չի կարելի այնպիսի խաղաղություն ունենալ, որը Պուտինին վերածի հաղթողի, այնպես որ, ես հիմա 100 տոկոսով համաձայն չեմ Թրամփի թիմի հետ, բոլորովին՝ ոչ»,- ասել է Ֆարաջը BBC ռադիոկայանի հետ հարցազրույցում:
BBC-ն հիշեցրել է, որ բրիտանական բոլոր խոշոր կուսակցությունները հանդես են գալիս Ուկրաինային անվերապահ աջակցության օգտին, սակայն Ֆարաջը խորհրդարանի ընտրությունից առաջ առանձնացել է հատուկ դիրքորոշմամբ: Նա ասել է, որ չի համակրում Պուտինին, բայց իբր Արևմուտքն է Ռուսաստանին «հրահրել» պատերազմ սկսել: