Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալված և պաշտոնանկ արված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ստամբուլի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Թուրան Թաշքըն Օզերը։
«Հերթական անօրինականությունը, ձերբակալվել է Ստամբուլի մեր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը»,- գրել է Օզերը X-ի իր էջում։ X սոցիալական ցանցում դրա դեմ բողոքել է նաև Էքրեմ Իմամօղլուն՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Փեհլիվանին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փողերի լվացման հետ կապված հանցագործությունների հետաքննության շրջանակում, որն իրականացնում է Ստամբուլի գլխավոր դատախազությունը, Մեհմեթ Փեհլիվանը ձերբակալվել է «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքային արժեքների օրինականացում» հոդվածով։