Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը տասնօրյա արգելք է սահմանել Sözcü հեռուստաալիքի հեռարձակման նկատմամբ՝ Ստամբուլի կալանավորված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին պաշտպանող զանգվածային ցույցերը լուսաբանելիս օրենքը խախտելու համար։ Գերագույն խորհուրդը հեռուստաալիքի մեկնաբանություններից մի քանիսը համարել է «ատելության և թշնամանքի հրապարակային հրահրման կոչեր», նշվում է զեկույցում։
Բացի այդ, կարգավորող մարմինն արգելել է Halk TV և Tele 1 հեռուստաընկերությունների հինգ հաղորդման հեռարձակումը՝ միաժամանակ վարչական տուգանք կիրառելով նրանց նկատմամբ։ Տուգանքներ են սահմանվել նաև NOW TV և Ak ll հեռուստաալիքների նկատմամբ։ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը, որը ներկայացնում է Իմամօղլուին, դատապարտել է հեռուստաալիքների հեռարձակումն արգելելու որոշումը՝ այն անվանելով «ժողովրդավարության և ազատ խոսքի նորմերի կոպիտ խախտում»։
Բացի այդ, Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է բրիտանական BBC հեռարձակող կորպորացիայի այն տեղեկությունը, թե իր թղթակից Մարկ Լոուենը իբր վտարվել է հանրապետությունից՝ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերը լուսաբանելու համար։
Կենտրոնի տվյալներով՝ Լոուենը Ստամբուլ է ժամանել լրագրողական առաքելությամբ, սակայն դիմում չի ներկայացրել հաղորդակցության դեպարտամենտ՝ որպես թղթակից հավատարմագրվելու համար, ինչպես նախատեսված է տեղական օրենսդրությամբ։