Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ուկրաինական պատերազմը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Նշվում է, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Պուտինին Ուկրաինայում հրադադարի հաստատման, այդ թվում՝ բանակցություններ կազմակերպելու հարցում:
«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունն առանցքային է տարածաշրջանային խնդիրների լուծման համար, և որ Անկարան ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմին վերջ տալու համար սկսված գործընթացին և պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, ներառյալ խաղաղ բանակցությունների կազմակերպումը, պատվավոր և կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Էրդողանը կարևորել է քայլերը, որոնք կձեռնարկվեն Սև ծովում առևտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, ընդգծել, որ թույլ չեն տա Սև ծովը դարձնել հակամարտության գոտի:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև մեծ նշանակություն է տվել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում համագործակցությանը և կողմ է արտահայտվել Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ ջանքերին՝ այնտեղ խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ նախագահները քննարկել են էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի առաջմղումը և արձանագրել երկկողմ կապերի դրական դինամիկան և փոխադարձ առևտրի աճը։
Ռուսաստանի նախագահը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ երկխոսության գնահատականները՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման և ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Պուտինի խոսքով՝ բարձր և այլ մակարդակներում շփումները եղել են կառուցողական։ Մասնավորապես, քննարկվել են Էր Ռիադում երկու երկրների փորձագիտական խմբերի վերջերս անցկացված խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև մարտի 18-ից սկսած՝ 30 օրով Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածների մորատորիում սահմանելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։