Եվրամիությունը նոր՝ 17-րդ, պատժամիջոցների փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ։ Այդ մասին հայտնել է EUobserver-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։
Աշխատանքն «սկսվել է, բայց այն շատ վաղ փուլում է», ասել է աղբյուրներից մեկը: Մեկ այլ զրուցակցի խոսքով՝ կողմերն «առաջարկների են սպասում» Եվրահանձնաժողովից։ Երրորդ դիվանագետը նշել է, որ Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը (EEAS) և ԵՀ-ն աշխատում են փաթեթի ուղղությամբ: «Առաջարկները հավանաբար կներկայացվեն ամռան սկզբին»,- ասել է նա։ Չորրորդ դիվանագիտական աղբյուրը զգուշություն է ցուցաբերել ժամկետների հարցում՝ ասելով. «Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանան բանակցությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»:
Նախագահ Պուտինը պահանջել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է քննել այդ հարցը, սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Քիր Սթարմերը հայտարարել են, որ սահմանափակումների չեղարկման մասին խոսք լինել չի կարող: